Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

«Հայաստանում փիլիսոփայական գիտելիքի պահանջարկը խիստ նվազել է»

«Հայաստանում փիլիսոփայական գիտելիքի պահանջարկը խիստ նվազել է»
19.10.2013 | 17:20

Ընդունված խոսք է՝ երկիրը, որն ունի փիլիսոփայական ավանդույթներ, միանգամայն կարող է համարվել քաղաքակիրթ երկիր: Այսօր Հայաստանում, ցավոք, փիլիսոփայության պահանջարկն այնքան էլ մեծ չէ։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀԱՅԿ ՀԱՐՈՅԱՆԸ կարծում է, որ փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրության աստիճանը յուրօրինակ բարոմետր է, որով կարելի է որոշել հասարակության հոգևոր զարգացման մակարդակը։

-Պարոն Հարոյան, հայկական փիլիսոփայական դպրոցն ունի ավանդույթներ։ Դրանք այսօր շարունակվո՞ւմ են։
-Հայկական փիլիսոփայական դպրոցի ավանդույթները շատ են, սակայն ոլորտը քիչ ուսումնասիրված է և քիչ է հայտնի հանրությանը։ Առնչությունները և հայ փիլիսոփայական մտքի ձեռքբերումները քիչ են լուսաբանված, այդ առումով` խոսել ընդհանուր ավանդույթների մասին, մի քիչ տեղին չի լինի։ Հայ փիլիսոփայական միտքը երբեք հետ չի մնացել արևմտյան փիլիսոփայական մտքի զարգացման ընթացքից, շատ դեպքերում անգամ առաջ է ընկել ընդհանուր այդ զարգացումից, սակայն քանի որ առնչությունների, ներկայացնելու, լեզվի հարցեր են եղել, ուստի հայ մշակույթի ձեռքբերումները չեն դարձել դրսի գիտական մտքի սեփականություն, ինչի պատճառով էլ մնացել են ներփակ։
-Երիտասարդության շրջանում կա՞ հետաքրքրություն փիլիսոփայության նկատմամբ։
-Ցավոք, չկա։ Շատ քիչ երիտասարդներ կան, որ հետաքրքրվում են փիլիսոփայությամբ։ Դրա ապացույցն այն է, որ վերջին տարիներին փիլիսոփայության մասնագիտության գծով բուհերի մագիստրատուրաներում ուսանողների թիվը խիստ նվազել է։ Բանն այն է, որ կախված հասարակության զարգացման աստիճանից և ստեղծված իրադրությունից՝ կա՛մ աճում է հետաքրքրությունը փիլիսոփայական գիտությունների նկատմամբ, կա՛մ նվազում է։ Հայաստանում այսօր մի իրավիճակ է, որ փիլիսոփայական գիտելիքի և փիլիսոփաների պահանջարկը խիստ նվազել է։ Դա պայմանավորված է հոգևոր արժեքների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքով։
-Մարդիկ ավելի պրագմատիկ են դարձել։
-Փիլիսոփայության մեջ կան պրագմատիստական ուղղվածություն ունեցող դպրոցներ, բայց, բոլոր դեպքերում, փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը յուրահատուկ բարոմետր է։ Եթե տվյալ հասարակության կամ պետության մեջ մեծանում է պահանջարկն այս գիտության նկատմամբ, նշանակում է՝ այդ հասարակությունը գտնվում է հոգևոր զարգացման բարձր մակարդակի վրա, և հակառակը՝ որքան նվազում է հետաքրքրությունը, այնքան հոգևոր արժեքները ցածր մակարդակի վրա են։


Ճեպազրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ